5 նոյեմբերի 2003 - 23:22 AMT
ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼ, ԳՏՆՈՒՄ Է ԶԲԻԳՆԵՎ ԲԺԵԶԻՆՍԿԻՆ
Վրաստանը եւ Հայաստանը կարող են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է նշանավոր ամերիկյան քաղաքագետ, ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին` ելույթ ունենալով «Նոր Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ռազմավարական խնդիրները» կոնֆերանսում: Նրա խոսքերով, այսօր Եվրոպան թեւակոխում է «սառը պատերազմի» ավարտին եւ Խորհրդային Միության փլուզմանն հաջորդած վերափոխման երրորդ փուլը: «Առաջին փուլը, որը ես կանվանեի «Վարշավյան փուլ», ոչնչացրել է «սառը պատերազմի» ժառանգությունը` Լեհաստանը, Հունգարիան եւ Չեխիայի ՆԱՏՕ-ին ինտեգրելու ճանապարհով»,-նշել է քաղաքագետը: Այնուհետեւ, նրա խոսքերով, եղավ երկրորդ փուլը, որը կարելի է կոչել «Վիլնյուսյան», որը վերաբերում էր Բալթիայի երկրներին: «Եվ երրորդ փուլը, որը մենք կթեւակոխենք մոտ ժամանակներս, ես կանվանեի «Կիեւյան փուլ»: Մենք կմտնենք շատ ավելի անծանոթ տարածք` ենթադրելով պատմական եւ սոցիալական ավելի մեծ անորոշություն: Անկասկած, դա ավելի ծանր գործընթաց է: Իհարկե, ուկրաինական ժողովուրդն արժանի է ունենալ իր սեփական տեղն այդ ընդհանրության մեջ, եթե ինքը ցանկանում է դա: Ճիշտ նույնպիսի պլաններ, որքան էլ երկարաժամկետ դրանք չթվան, ի վերջո, վերաբերում են եւ Վրաստանին, եւ Հայաստանին». - հայտարարել է Զ.Բժեզինսկին: