22 հունվարի 2012 - 16:50 AMT
Պաղեստինը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները

Պաղեստինը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները, բայց եթե երկխոսությունը ձախողվի, ապա դա կլինի Իսրայելի մեղքով, կիրակի օրը հայտնել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինի հետ բանակցությունների արդյունքներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կշարունակենք երկխոսությունը, մենք կշարունակենք բանակցությունները, քանի որ դա համարում ենք (խնդրի լուծման) միակ հնարավոր ճանապարհ, բայց եթե բանակցությունները ձախողվեն, դա կլինի իսրայելյան կողմի մեղքով»,- ասել է նա:

Աբբասի խոսքով՝ այժմ Պաղեստինը հավատարիմ է բանակցային ճանապարհին և հավատում է, որ դա խաղաղ լուծման հասնելու միակ ուղին է, սակայն գտնում է, որ մնացող խնդիրների մեղավորն Իսրայելն է:

«Վերջերս իսրայելյան բնակիչները հինգ մզկիթ են այրել Արևմտյան ափին»,- շարունակել է Աբբասը: Նա նշել է նաև, որ իսրայելյան բնակավայրերի կողմից պաղեստինյան քաղաքացիների վրա հարձակումները շարունակվում են: