22 հունվարի 2012 - 17:45 AMT
Կրեմլ. Մոսկվան համոզում է ղարաբաղյան հիմնախնդրի կողմերին ամրապնդել վստահության միջոցները

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տեղի կունենան Սոչիում երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

2008 թվականից Ռուսաստանի մասնակցությամբ հակամարտության կարգավորմանն ուղղված տաս հանդիպում է տեղի ունեցել: Դրանցից վերջինը կայացավ 2011թ. հունիսի 24-ին Կազանում: Կազանի գագաթաժողովում երկրներին հաջողվեց մոտեցնել դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ, այն նախագծի, որի հիման վրա պետք է մշակվի հաշտության պայմանագիրը:

«Մեզ լրջորեն մտահոգում են հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները, զոհվող զինծառայողներն ու խաղաղ բնակիչները, երկու կողմերի ռազմաշունչ ճարտասանությունը»,- ասվում է կրեմլյան մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ռուսաստանը հետևողականորեն համոզում է ղարաբաղյան հակամարտության կողմերին վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մեջ: «Այդ նպատակին հասնելուն է ուղղված 2011թ. մարտի 5-ին Սոչիում ընդունված՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, որում արձանագրված է բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո շփման գծի երկայնքով հնարավոր միջադեպերի հետաքննություն անցկացնելու ձգտումը»,- նշում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Մոսկվայում հույս ունեն սեղմ ժամկետներում ավարտել միջադեպերի հետաքննության մեխանիզմի շուրջ աշխատանքը:

Վստահության միջոցների ամրապնդման ուղղությունների թվում առաջարկվում է վերսկսել երկխոսությունը երկու երկրների մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև: Ինչպես ընդգծվում է հաղորդագրության մեջ, «ժողովրդական դիվանագիտության» գաղափարն արդեն ստացել է իր գործնական կիրառումը, երբ 2007թ. հունիսին և 2009թ. հուլիսին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների նախաձեռնությամբ հայկական և ադրբեջանական հասարակայնության ներկայացուցիչները մեկ պատվիրակության կազմում մեկնեցին Լեռնային Ղարաբաղ, Երևան և Բաքու:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի օրը նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Մեդվեդևի և Սարգսյանի բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցության առավել կարևոր կողմերը:

«Ռուս-ադրբեջանական օրակարգում մեծ ուշադրություն է հատկացված Կասպիայի խնդիրներին, համակարգմանը տարածաշրջանային և միջազգային հարցերում: Ադրբեջանի ընտրվելը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ 2012-2013 թվականներին լրացուցիչ հնարավորություններ կընձեռի նման փոխգործակցության զարգացման համար»,- նշում է Կրեմլի մամլո ծառայությունը: