23 հունվարի 2012 - 12:10 AMT
Ադրբեջանի տարօրինակ խաղերը. Բաքուն միջազգային հանրութայնը կոչ է անում շտապ լուծել ղարաբաղյան խնդիրը

Պաշտոնական Բաքուն հանդես է եկել « ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շուտափույթ վերջնական խաղաղ համաձայնագրի կնքման աշխատանքները սկսելու օգտին»: Ինչպես հայտնում է 1news.az-ը, այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած 2011թ ամփոփիչ հաշվետվությունում: Ադրբեջանը «միջազգային հանրությանը կոչ է անում ավելի հաստատակամ և հետևողական լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` տարածաշրջանում խաղաղ մթնոլորտի, կայունության և համագործակցության ձևավորման նպատակով»:

Փաստաթղթում ասվում է, որ 2011թ «պաշտոնական Բաքուն շարունակել է բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա` հանդես գալով, ինքնիշխանության այսպես կոչված տարածքային ամբողջականության վերականգնման դիրքից»:

Հավելենք, որ այս հայտարարությունը տարօրինակ է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ֆոնի վրա, քանի որ նա փորձում է հնարավորինս խանգարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, զուգահեռաբար հանդես գալով` Ղարաբաղում ռազմական գործողոըթյուններ սկսելու սպառնալիքով, հրադադարի ռեժիմն անընդհատ խախտելով, կողմերի հանդիպումները տապալելով, ինչպես, օրինակ Կազանի հանդիպումը նախորդ տարվա հունիսին:

Այսօր` հունվարի 23-ին, Սոչիում, ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը: