23 հունվարի 2012 - 16:10 AMT
Դավութօղլուն չի մեկնել Բրյուսել՝ Ֆրանսիայի Սենատում ընթացող քննարկումներին Անկարայից հետևելու համար

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն չեղյալ է հայտարարել երկուշաթբի Բրյուսել կատարելիք այցը՝ Ֆրանսիայի Սենատում ընթացող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումներին Անկարայից հետևելու համար: Այդ մասին «Ֆրանս Պրես» գործակալությանն է հայտարարել Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը, որը հավելել է, որ Դավութօղլուն կայցելի Բրյուսել մեկ ամիս անց:

Բրյուսել այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը պետք է մասնակցի ԵՄ ԱԳ նախարարների նիստին, որոնց օրակարգում է այսօր իրավիճակը Սիրիայում և Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառման հարցը: Ակնկալվում էր, որ նիստի ընթացքում Դավութօղլուն կներկայացնի իր եվրոպացի գործընկերներին Թեհրան կատարած իր այցի արդյունքները, ինչպես նաև Անկարայի դիրքորոշումը արաբական աշխարհի հեղափոխությունների մասին:

Այսօր Ֆրանսիայի Սենատում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:

Հունվարի 18-ին Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը որոշում էր կայացրել չդիտարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի մերժման որոշումն ընդունվել է 23 «կողմ», 9 «դեմ» և 8 ձեռնպահ ձայներով: Համաձայն այդ որոշման, օրինագիծը Սենատի կողմից դիտարկվելու է, ընդ որում, մինչև ընդհանուր քվեարկությունը ուշադրություն է դարձվելու վերոհիշկալ հանձնաժողովի որոշմանը:

Սենատում օրինագծի քննարկումները կսկսվեն երևանյան ժամանակով 18:00: