23 հունվարի 2012 - 16:26 AMT
«Անելիք Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելը 2011 թվականին հասել է 38,3 մլրդ դրամի

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2011 թվականի ընթացքում գրանցել է զգալի աճ` ավելանալով 8,7 մլրդ դրամով, որը գրեթե 30 %-ով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը:

Բանկի Վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանի խոսքով` բանկում աճ է գրանցվել գրեթե բոլոր վարկատեսակների գծով: «Դա վկայում է Բանկի վարած վարկային արդյունավետ քաղաքականության մասին, որում իր ուրույն տեղն ունի մարքեթինգային քաղաքականությունը և շուկայում առկա պահանջարկի ուսումնասիրության բաղադրիչը»,- նշել է նա:

Ընդ որում, մասնագետի խոսքով, հիմնական շեշտը դրվել է բիզնեսի վարկավորման վրա, որն աճել է մոտ 21% ով: Աճ է արձանագրվել նաև ավտովարկավորման ծավալներում, որի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 1 մլրդ ՀՀ դրամով: Հիփոթեքային վարկավորման ոլորտում աճը կազմել է 1,3 մլրդ դրամ` հասնելով 2,4 միլիարդի, առկա է աճ ինչպես նաև այլ տեսակի սպառողական վարկերի տրամադրման ծավալներում:

Այս կապակցությամբ Հայկ Գրիգորյանը հավելել է, որ 2011 թվականին էական առաջընթաց է նկատվել «Անելիք Բանկ»-ի կողմից չափազանց կարևորվող ուսանողական վարկերի գծով: Հենց այդ կարևորությունը հաշվի առնելով և կրթությունը համարելով բարեկեցության հիմքը` Բանկը շարունակելու է ուսման վարկավորմանը բավարար միջոցների հատկացումն ու վարկավորման մեխանիզմների պարզեցումը, որի վառ ապացույցն է վարկատեսակից օգտվողների թվաքանակի զգալի աճը (2011 թվականին տրամադրվել է մոտ 300 ուսանողական վարկ), նշվում է «Անելիք Բանկ»-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: