23 հունվարի 2012 - 16:32 AMT
Էրդողան. Ես այլևս երբեք Ֆրանսիա չեմ մեկնի Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման դեպքում

«Ես այլևս երբեք Ֆրանսիա չեմ մեկնի ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման դեպքում»,- հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` պատասխանելով լրագրողի հարցին բանաձևի ընդունման դեպքում պատասխան քայլերի մասին:

Վարչապետը հայտնել է, որ օրինագիծը հակասում է խոսքի ազատության սկզբունքին և Ֆրանսիայի Սենատում օրինագծի մերժման հույս է հայտնել:

Կարծես հենց դա էլ պատասխան միջոցներն են, որոնցով դեռևս այսօր առավոտյան սպառնացել է վարչապետը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվել է 2011թ. դեկտեմբերի 22-ին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: