23 հունվարի 2012 - 17:43 AMT
Թոմաս Համմարբերգը Թուրքիային կոչ է արել սկսել 1915թ. իրադարձությունների հետազոտությունը

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Թոմաս Համմարբերգը Թուրքիային կոչ է արել սկսել 1915թ. տեղ գտած իրադարձությունների անկախ, լայնածավալ ուսումնասիրություններ, գրում է Today's Zaman-ը:

Այս համատեքստում հանձնակատարը հիշատակել է իր զեկույցը, որում հայերի ջարդերին նվիրված գլուխ կար:

Զեկույցում Համմարբերգը գրում էր, թե «հուսով է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցման իսկական գործընթաց կսկսվի»:

Համմարբերգը դատապարտել է այս թեմայով բացեիբաց խոսող Թուրքիայի քաղաքացիների հետապնդումը իշխանությունների կողմից:

«Ներկայումս որոշակի քայլեր են ձեռնարկվել փաստերի հետազոտման ուղղությամբ, սակայն դեռ շատ անելիք կա»,- նկատել է նա:

Բացի այդ, Համմարբերգը կարծիք է հայտնել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ` նկատելով, որ Թուրքիան և Հայաստանը իրենք պետք է լուծեն այդ հարցը: