23 հունվարի 2012 - 18:03 AMT
Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկումը

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:

Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովը: Թուրքիայի իշխանությունները սպառնում են օրինագծի ընդունման դեպքում լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Ավելին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երբեք չի մեկնի Ֆրանսիա, եթե օրինագիծն ընդունվի:

Այս կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը Թուրքիային կոչ է արել հանգստանալ: «Ֆրանսիան հսկայական նշանակություն է տալիս մեր հարաբերություններին Թուրքիայի հետ, հատկապես միջազգային և կրոնական հարցերում»,- նշել է Բերնար Վալերոն: