23 հունվարի 2012 - 18:29 AMT
Պատրիկ Օլյե. Մենք պետք է պայքարենք ժխտողական քաղաքականության դեմ

Սենատի անդամները պետք է հասկանան, որ սա պատմական օրինագիծ չէ: Այդ մասին ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկմանը հայտնել է Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլյեն: «Մենք պետք է պայքարենք ժխտողական քաղաքականության դեմ: Խոսքը գնում է պատմական փաստերի հանդեպ ճիշտ դիրքորոշման մասին: Դա վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին»,- նշել է Օլյեն:

Օլյեն սենատորներին կոչ է արել օրինագիծը հասկանալ անհատական մակարդակում, որպեսզի ճիշտ որոշում կայացվի: «Այսօր մեր խնդիրը ոչ թե պատմական հարցերի լուծումն է, այլ Սենատի անդամների միջև ներդաշնակցության ստեղծումը: Մենք պետք է հասկանանք, որ օրինագծի ընդունմամք կարող ենք հատուցել մի ամբողջ ժողովրդի կորուստը»,- ընդգծել է նա:

Բացի այդ, Օլյեն հավելել է, որ եթե Սենատը կարողացավ արդեն երկու ցեղասպանության ժխտում քրեականացնել, ևս մեկ անգամ դա անելը չպետք է դժվարություն ներկայացնի:

Անդրադառնալով խոսքի ազատությանը` նա ընդգծել է, որ «առանց պատասխանատվության ազատություն չկա, և ցանկացած մարդու խոսքը չպետք է վիրավորական լինի»: