24 հունվարի 2012 - 10:45 AMT
Վոլկան Բոզկիր. Ֆրանսիան բացել է սեփական պատմության սև էջը

Թուրքիան շարունակում է քննադատել Ֆրանսիայի Սենատին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու համար:

Թուրքական խորհրդարանի արտաքին գործերով կոմիտեի խոսնակ Վոլկան Բոզկիրը հայտարարել է, թե «Ֆրանսիան բացել է սեփական պատմության սև էջը»:

Անկարան պատրաստում է Փարիզի նկատմամբ համապատասխան հակագործողություններ: Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում ընդգծվում է, որ օրինագծի ընդունումը կապված է Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: