24 հունվարի 2012 - 12:55 AMT
Թբիլիսիում լույս է տեսել Ռեվազ Միշվելաձեի «Երբ արցունքն էլ ցամաքեց» հայերին նվիրված գիրքը

Հունվարի 21-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, վիրահայոց թեմի նախաձեռնությամբ և «Հայարտուն» կենտրոնի կազմակերպմամբ տեղի ունեցավ արդի վրաց գրականության խոշորագույն դեմքերից մեկի` արձակագիր, պետական և այլ մրցանակների դափնեկիր, ՎԳՄ փոխնախագահ, ԹՊՀ վրաց գրականության պատմության ամբիոնի վարիչ Ռեվազ Միշվելաձեի հայ ժողովրդին նվիրված նոր՝ «Երբ արցունքն էլ ցամաքեց» հայերեն գրքի շնորհանդեսը:

Տաս նորավեպ ընդգրկող գիրքը հրատարակվել է Թբիլիսիի «Կամուրջ» գրական- մշակութային ՀԿ-ի կողմից (նախագահ`Անահիտ Բոստանջյան):

Այն հեղինակի 65-րդ, հայերեն երկրորդ գիրքն է, հրատարակվել է թարգմանչի կողմից Թբիլիսիում հիմնադրած «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարով և տիտղոսաթերթի ինքնատիպ ձևավորմամբ խորհրդանշում է Հայ գրատպության 500-ամյակը: Ժողովածուն բացվում է թարգմանչի առաջաբանով, հեղինակի խոսքով, որին հաջորդում է գրքի առաջին «Երբ արցունքն էլ ցամաքեց» նովելը՝ նվիրված է 1988-ի հայոց երկրաշարժի զոհերին ու փրկվածներին: Այն դրսևորում է հեղինակի խոր հարգանքը հայոց անկոտրում կամքի, դժվարություններին դիմագրավելու նրա բացառիկ ֆենոմենի, կենսասիրության հանդեպ: Մյուս նովելներին միավորում են հեղինակի ստեղծագործությանը բնորոշ թեմաները՝ մարդասիրություն- մարդակերտում, սեր, հայրենասիրություն, հասարակ, շարքային մարդու ներաշխարհի բացահայտում ու արժեքավորի վերհանում, այն արժեքավորի, ինչով հարատևում է մարդկությունը:

Շնորհանդեսին ներկա էին հայ ու վրացի գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի ու Հայաստանի ԳՄ նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին ու Լևոն Անանյանը, բանաստեղծ Բադրի Քութաթելիձեն, Միքայել Թադևոսովը, ուրիշներ: Նրանք իրենց ելույթներում արժևորեցին մեծանուն գրողի գրական-ազգային- քաղաքական գործունեությունը (նա եղել է նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր) և արժանին մատուցեցին այս նոր գրքի համար ՝ որակելով որպես գեղեցիկ էջ ինչպես հայ ու վրաց գրականությունների անդաստանում, այնպես էլ մեր երկու ժողովուրդների բարեկամության մատյանում: