24 հունվարի 2012 - 13:26 AMT
Օրանժ-ը գործարկել է իր մինչև 42Մբ/վ արագությամբ ինտերնետի 3G+ ցանցը

Այսօր Օրանժ Արմենիա ընկերությունը հայտարարեց իր նորագույն 3G+ սերնդի ինտերնետի ցանցի առևտրային մեկնարկը Հայաստանի երեք մեծ քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ 3G+ ցանցն ապահովող Ինտերնետ Հիմա 4 կոչվող մոդեմը նշված քաղաքներում ապահովում է մինչև 42Մբ/վ արագությամբ ինտերնետ, իսկ քաղաքներից դուրս՝ տեսականորեն մինչև 21,1Մբ/վ արագություն։

Ինտերնետ Հիմա 4 մոդեմի միջոցով հնարավոր է իրական ժամանակում օնլայն դիտել HD որակի ֆիլմեր և խաղալ խաղեր, վայրկյանների ընթացքում ներբեռնել աուդիո և վիդեո ֆայլեր, ծրագրեր և այլն։

«Ինտերնետ Հիմա 4 մոդեմի տեխնիկական փորձարկումը տևեց մոտ երկու ամիս։ Այժմ մենք մեկնարկում ենք առևտրային գործարկումը։ Այս առաջարկը շատ քիչ երկրներում է առկա, անգամ Օրանժ խմբի երկրների շարքում»,-նշեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերեկ երկու սակագնային պլաններին բաժանորդագրվելու դեպքում՝ ամսական 11 000 (11Գբ) և 20 000 (24Գբ) դրամ։ Նշված սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում մոդեմի գինը կարժենա համապատասխանաբար 39 000 և 19 000 դրամ։ Մեկ տարի հետո մոդեմը կդառնա բաժանորդի սեփականությունը։

Իսկ Օրանժի Ինտերնետ Հիմա բաժանորդները կարող են փոխարինել իրենց մոդեմները նոր Ինտերնետ Հիմա 4 մոդեմով և միանալ սակագնային պլաններին։ Ինտերնետ Հիմա 4 մոդեմը հնարավոր է ձեռք բերել առանց բաժանորդագրության պարտավորության՝ 59 000 դրամով։

Ըստ Օրանժի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի, Ինտերնետ Հիմա 4-ը առաջարկ է պրեմիում դասի համար։

«Այն ուղղված է օգտագործվելու մասնագիտական շրջանակներում, բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն մեծ արագությունների թե՛ աշխատանքում, թե՛ ժամանցի համար»,-նշեց նա։