24 հունվարի 2012 - 13:58 AMT
Ֆրանսիայի Սենատի որոշումը պատասխան էր արտաքին քաղաքականության հարցում ՀՀ նախագահի ընդդիմադիրներին

Ֆրանսիայի Սենատի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այս տարիներին վարել են «ճկուն, ճիշտ և ամենակարևորը հայանպաստ արտաքին քաղաքականություն»: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հեգնանքով նշել է, որ չարդարացան այն հոռետեսների հայտարարությունները, որոնք ասում էին, որ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կվնասի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Վերջին շրջանում շատ ավելի է ասվել ու արվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, քան նախորդ շրջանում»,-ասել է փոխխոսնակը:

Շարմազանովը նաև նշել է, որ Հայաստանի նախագահը իր բոլոր միջազգային ելույթներում, այդ թվում նաև ՄԱԿ ամբիոնից, հայտարարել է, որ Հայաստանն ամեն ինչ կանի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Նա հիշեցրել է Սերժ Սարգսյանի խոսքերը, որ նա ասաց Դեր-Զորի անապատում՝ «հայ ժողովուրդը սպասում է իր Նյուրնբերգին»:

«Եվ Նյուրնբերգը մոտենում է: Մեր համատեղ պայքարը, նկատի ունեմ ոչ միայն ՀՀԿ-ին, այլ, նաև բոլոր այն քաղաքական ուժերին, հայ հանրությանը, մեր սփյուռքի եղբայրներին ու քույրերին, կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը»,-ասել է Շարմազանովը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: