25 հունվարի 2012 - 09:02 AMT
Տիգրան Պետրոսյան. Ես երջանիկ եմ, որ վերադարձել եմ Հայաստանի հավաքականի կազմ

«Ինձ համար առաջնությունը հեշտ չէր, քանի որ առաջին տուրում պարտություն էի կրել Արտաշես Մինասյանից: Թվում էր, որ ես կորցրել եմ շանսերը, բայց հավաքվեցի և հաջորդ տուրերում կարողացա ինձ լավ դրսևորել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է 2012թ. Հայաստանի շախմատի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

11 տուրերում Պետրոսյանը միայն առաջին տուրում է զիջել, 5 պարտիաներում հաղթանակ է տարել և 4 անգամ կիսել միավորները մրցակիցների հետ: Վերջին տուրում Պետրոսյանի հակառակորդը երկրի գործող չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն էր, որն էլ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը. «Վերջին տուրում ինձ միայն հաղթանակ էր պետք: Պարտիայի կեսին ես զգացի, որ ոչ մեծ առավելություն ունեմ: Երկար էի մտածում մրցակցի սխալների շուրջ և վերջնական արդյունքում կարողացա հաղթել»:

Պետրոսյանը մարտի 19-ից ապրիլի 1-ը Պլովդիվում կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը: Գրոսմայստերի խոսքով` ինքը 15 օր կհանգստանա և ապա կսկսի պատրաստվել առաջնությանը: Բացի այդ, մարտի սկզբին Ֆրանսիայում Տիգրան Պետրոսյանը ելույթ կունենա խոշորագույն մրցաշարում: Առաջնությունում հաղթանակ տանելու շնորհիվ Պետրոսյանը Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ելույթ ունենալու իրավունք է վաստակել: 2008 թվականին Դրեզդենում Պետրոսյանը հավաքականի հետ միասին Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի հաղթող դարձավ: «Հավաքականի անդամները շնորհավորեցին ինձ հաղթանակի առթիվ, և ես երջանիկ եմ, որ վերադարձել եմ Հայաստանի հավաքական: Այս տարի Օլիմպիադան տեղի կունենա Թուրքիայում, մենք, իհարկե, կանենք ամեն ինչ հաղթելու համար, և եթե մեզ մոտ ստացվի, ապա անպայման մեդալներ կնվաճենք»,- հավելել է Պետրոսյանը: