25 հունվարի 2012 - 11:09 AMT
Լևոն Արոնյան. Առաջնությունը երկար է և անսխալ չէր անցնի, սակայն ուրախ եմ, որ արդյունքը լավն է

Վեյկ ան Զեեում 9-րդ տուրից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 6.5 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ֆաբիանո Կարունայի նկատմամբ նրա հաղթանակը գլխավոր А առաջնությունում ճանաչվել է լավագույնը:

Կարունայի հետ հանդիպումից հետո, Արոնյանն ասել է, որ բավականին արագ լավ դիրք գրավեց: «Մրցակիցը սխալվեց և թվաց, թե ես լավ դիրքում եմ, սակայն ես սկսեցի անվստահ խաղալ: Կարծում էի, թե պարտիան երկու խաղից կավարտվի, սակայն պարզվեց, որ պետք է ապացուցել քո հաղթողի հավակնությունը: Առաջնությունը երկար է և անսխալ չէր անցնի, սկայն ուրախ եմ, որ արդյունքը լավն է»,-Արոնյանի խոսքը հայտնում է chess-news.ru-ն:

10-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցն է լինելու Անիշ Գիրին` Հոլանդիա, ով 4 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Մանգուս Կարլսենը կխաղա Հիկարու Նակամուրայի, Վեսելին Տոպալովը` Կարունայի, Դավիթ Նավարան` Վասիլի Իվանչուկի, Բորիս Գելֆանդը` Հաշիմովի, Թիմուր Ռաջաբովը` Լյուկ վան Վելիի, Սերգեյ Կարյակինը` Գատա Կամսկու հետ: