29 հոկտեմբերի 2003 - 22:49 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ԻՐԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵՂՍԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ
Ադրբեջանի «Մուսաիր Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիեւը գտնում է, որ հոկտեմբերի 15-16 Բաքվում տեղի ունեցած անկարգությունները կազմակերպված են եղել մի շարք այլ պետությունների, մասնավորապես, Իրանի աջակցությամբ: Այդ մասին Հաջիեւը տեղեկացրել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Պիտեր Բուրխարդի հետ նախօրեին ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Նա նաեւ մեղադրել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարին Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Սակայն ավելի վաղ Բաքվի «ANS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը տեղեկացրել էր, որ Բաքվում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առումով «Իրանի կամ այլ արտերկրի միջամտությունը չի տեսնում»: