25 հունվարի 2012 - 13:08 AMT
Աշոտ Մելքոնյան. Սենատի որոշումը վերադարձրեց Ցեղասպանության հարցը իրավաքաղաքական դաշտ

Հայոց ցեղասպանության հարցը, որը 1965թ. սկսած սխալ ուղղությամբ էր գնում՝ միայն միջազգային ճանաչում և դատապարտում, Ֆրանսիայի Սենատի որոշմամբ վերադարձավ իրավաքաղաքական դաշտ, անդրադառնալով հատուցման խնդրին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ըստ նրա, 1965թ. Ցեղասպանության 50-ամյակի ժամանակ հայերը դուրս եկան փողոց պահանջելով արդարություն և հատուցում, սակայն, հետո, պետականության բացակայության պայմաններում, ընկան թուրքական ծուղակն ու սկսեցին պահանջել միայն միջազգային ճանաչում՝ չխոսելով հատուցման մասին:

Նա կարևորել է այդ առումով Ֆրանսիայի Սենատի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, որը վերադարձրեց Ցեղասպանության հարցը իրավաքաղաքական դաշտ: Ըստ Մելքոնյանի, աշխարհում իրեն հարգող ոչ մի պատմաբան կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը և չի քննարկի այդ հարցը: Պատմաբանը գտնում է նաև, որ հատուցման խնդիրը նրանում է, որ երկրները ճանաչում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը կապ չունի ներկայիս Թուրքիայի հետ:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Օրինագծի հեիղնակն է Վալերի Բուայեն: