25 հունվարի 2012 - 13:52 AMT
Հայկ Դեմոյան. Մինչ 2015թ. կարելի է ակնկալել Ցեղասպանության միջազգային ճանաչման շքերթ

Ցեղասպանությունների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը համաեվրոպական նշանակության իրադարձություն է: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Անկասկած, Ֆրանսիայի նախագահը կստորագրի այդ օրենքը»,-հավելել է նա:

Ըստ Իսկանդարյանի, օրենքի ընդունումը կազդի «ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի դիրքերի վրա»: «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ է առնում»,-ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո «մինչ 2015թ. կարելի է ակնկալել Ցեղասպանության միջազգային ճանաչման շքերթ»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: 2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: