25 հունվարի 2012 - 14:20 AMT
Ռոման Սիմովիչը վարպետության դաս է անցկացրել Երևանի Կոնսերվատորիայի ուսանողների համար

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը, ով հունվարի 26-ին ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), այսօր` հունվարի 25-ին վարպետության դաս անցկացրեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների հետ: Ջութակահարը, ով ամբողջ աշխարհում վարպետության դասերով է հանդս գալիս, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր երիտասարդ սերնդի բոլոր երաժիշտների մոտ նույն խնդիրն է, նրանք ողջ շեշտը դնում են կատարողական տեխնիկայի վրա, սակայն չեն զբաղվում ինքնակրթությամբ, չեն կարդում համապատասխան գրականություն:

Ռոման Սիմովիչը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստերն է: Նա համարվում է ժամանակի ամենավիրտուոզ ջութակահարներից մեկը, ով հիանալի կերպով զգում է երաժշտությունը: Ելույթ է ունենում աշխարհի ամենահայտնի բեմերում և նվագախմբերի հետ, հաղթել բազմաթիվ մրցույթներում:

2005թ. Ռոդոլֆո Լիպիցերի անվան ջութակահարների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, Սիոն Վալեի (Շվեյցարիա), Յամպոլսկու անվան (Ռուսաստան) և Վենյավսկու անվան (Լեհաստան) ջութակահարների միջազգային մրցույթներին ստացած մրցանակները համալրում են նրա պարգևների շարքը` դասելով Սիմովիչին իր սերնդակիցների լավագույն ջութակահարների շարքում:

Նրան տարբեր լրատվամիջոցները կնքել են տարբեր մականուններով, որոնք ներկայացնում են Սիմովիչ անհատին և երաժիշտին: