25 հունվարի 2012 - 17:27 AMT
Վարդան Ոսկանյան. Իրանը չի փակի Օրմուզի նեղուցը, քանի որ դա հավասար է պատերազմ հայտարարելուն

Իրանը չի փակի Օրմուզի նեղուցը կամ խոչընդոտի ամերիկյան ավիակիրների անցմանը Պարսից ծոց: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Օրմուզի նեղուցը փակել կնշանակի պատերազմ հայտարարել, և կարծում եմ, որ Իրանը նման քայլի չի գնա»,- ընդգծել է նա: Փորձագետն այս կապակցությամբ նկատել է, որ Իրանի կոշտ արտահայտություններն ու սպառնալիքները դիվանագիտական պայքարի մաս են կազմում:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր հերթին հավելել է, որ այժմ Իրանը տնտեսական դիմակայության մեջ է Եվրոպայի հետ, և եվրոպական պատժամիջոցները կանդրադառնան ոչ միայն իրանական տնտեսության, այլև եվրոպական երկրների, մասնավորապես` Հունաստանի տնտեսության վրա: Նա նկատել է նաև, որ դժվար թե Սաուդյան Արաբիան Հունաստանին նավթ վաճառի նույն արտոնյալ սակագներով, ինչ Իրանը: