25 հունվարի 2012 - 18:20 AMT
Թբիլիսի. Վրաստանը պատրաստ է բանակցել ՌԴ հետ ցանկացած պահի և ցանկացած վայրում

Վրաստանը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ ցանկացած պահի և ցանկացած վայրում: Նման հայտարարություն է արել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում: Վրաց-ռուսական երկխոսության հեռանկարների մասին հարցը տվել է հոլանդացի պատգամավորը:

«Ռուսաստանը չի ցանկանում խոսել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Վրաստանի կառավարության հետ: 2012-2013թթ. ընտրություններից հետո, վստահեցնում եմ, Ռուսաստանը չի խոսի նաև նորընտիր ղեկավարության հետ, քանի որ, ճանաչելով օկուպացված տարածքների անկախությունը, Ռուսաստանն իրեն մտցրել է աղետալի իրավաբանական փակուղի»,-ասել է Վաշաձեն:

2008թ. օգոստոսի 8-ին Հարավային Օսեթիայում սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ: Ավելի ուշ ռուսական զորքերը գրավեցին այդ տարածքները: Օգոստոսի վերջում Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ: