25 հունվարի 2012 - 18:22 AMT
Ավարտվում է «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը

Փետրվարի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում տեղի է ունենալու «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի փակումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մամլո ծառայությունից, ծրագրի փակմանը ներկա են գտնվելու ծրագրի բոլոր մասնակիցները: Ցուցադրությունը լայն հանրությանը հասանելի կդառնա փետրվարի 2-19-ը:

«Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը մեկնարկել էր մայիսի 4-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Ծրագրի ընթացքում հինգ հայ նկարիչ-մոդելավորող եվրոպացի հինգ գործընկերների հետ ծանոթացան միմյանց երկրների անցյալին ու մշակութային ժառանգությանը` նոր գաղափարներ մշակելու և ոգեշնչվելու համար: Նրանք հնարավորություն ունեցան ուսումնասիրելու Հայաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ռումինիայի, Դանիայի և Չեխիայի ազգային տարազների պատմությունը: Նկարիչ-մոդելավորողները տարազը դիտարկել են մշակութային համատեքստում և ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաներն օգտագործելով` իրենց հավաքածուների միջոցով յուրովի մեկնաբանել են երկրների մշակույթն ու ազգային ինքնությունը: