ՀՀ ՏԿՆ նախարարը քննարկել է ռոմինգի սակագների նվազեցումը Ֆրանս Տելեկոմի ներկայացուցչի հետ

ՀՀ ՏԿՆ նախարարը քննարկել է ռոմինգի սակագների նվազեցումը Ֆրանս Տելեկոմի ներկայացուցչի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր՝ հունվարի 25-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինին և «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուային, տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար:

Դեսպանն իր հերթին նշել է, որ դա այնպիսի մի օրինագիծ է, որն ուղղված չէ ոչ մի երկրի դեմ և հույս է հայտնել, որ մյուս երկրներն էլ կհետևն Ֆրանսիայի օրինակին:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել «Օրանժ Արմենիա»-ին Հայաստանում կատարած աշխատանքների համար և նշել, որ ընկերությունը հանդես է գալիս նոր նախաձեռնություններով:

Մանուկ Վարդանյանը Բենուա Շինին առաջարկել է քննարկել ռոմինգ ծառայության սակագների նվազեցման, ինչպես նաև արբանյակային հեռարձակման միջոցով ինտերնետ ծառայությունների մատուցման հարցերը` օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից Հայաստանին հատկացված երկու արբանյակներից, ինչպես նաև ֆրանսիական արբանյակների համակարգից:

Բենուա Շինը շնորհակալություն է հայտնել նախարարին «Օրանժ Արմենիայի» հիմնադրումից մինչ օրս ընկերությանը աջակցելու համար և պատրաստակամություն է հայտնել քննարկելու նախարարի ներկայացրած հարցերը։ Նա հատկապես կարևորել է բջջային հեռախոսահամարների շարժականության համակարգի ներդրումը և այդ հարցում նախարարության աջակցությունը: Նախարար Մ.Վարդանյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի այդ հարցը` հաշվի առնելով եվրոպական երկրների օրենսդրությունը, մյուս օպերատորների շահագրգռվածությունը և փորձը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---