26 հունվարի 2012 - 09:43 AMT
Եգիպտոսում սկսվել է բողոքի անհետաձգելի ակցիա` ուղղված զինվորականներին, որպեսզի իշխանությունն անմիջապես փոխանցվի քաղաքացիականներին

Եգիպտոսի հեղափոխական երիտասարդության միությունը հայտարարել է անհետաձգելի բողոքի ակցիայի մասին, որն ուղղված է զինվորականներին` իշխանությունն անմիջապես քաղաքացիականներին փոխանցելու համար, հայտնում է Վեստի.ռու-ն: «Մենք դուրս ենք եկել այսօր, դուրս կգանք նաև վաղը և մյուս օրը, և փողոց ենք դուրս գալու այնքան ժամանակ, քանի դա անհրաժեշտ է հեղափոխությանը և քանի դեռ մեր պահանջները չեն իրականացվել: Եթե հեղափոխությունը շեղվել է իր ուղուց, ապա մեր ուժերի սահմանում է այդ շարժումը կրկին վերադարձվելու իր ակունքներին»,-լրագրողներին է հայտնել ակցիայի մասնակիցներից մեկը:

Նախօրեին ամբողջ Եգիպտոսում հարյուր հազարավոր մարդիկ տոնում էին հունվարայան հեղափոխության առաջին տարելիցը, որը դարձել է ազգային տոն: Բացի այդ, հունվարի 25 երկրում մասամբ հանվել էր արտակարգ իրավիճակը, որը գործում էր ավելի քան 30 տարի:

Հետհեղափոխական Եգիպտոսում անցումային շրջանը շարունակվում է արդեն մեկ տարի, սակայն երկրում դեռևս բարելավում չի նկատվում: Տնտեսությունը անկում է ապրում, արտադրության ծավալները նվազում են, ազգային դրամը շարունակում է արժեզրկվել, իսկ իսլամիստների իշխանության գալու դեպքում երկիրը կարող է կորցնել նաև զբոսաշրջությունից ստացվող եկամուտները: