26 հունվարի 2012 - 11:19 AMT
«Ֆոբոս-Գրունտի» վթարում Արևն է մեղավոր

«Ֆոբոս-Գրունտի» վթարի պատճառ է հանդիսացել պլազմային գոյացությունը Երկրի մագնիսոլորտում: Ըստ Ինտերֆաքսի, նման եզրակացության է հանգել սարքի վթարը հետաքննող հանձնաժողովը: Պաշտոնական զեկույցը դեռ չի հրապարակվել:

Պլազմային գոյացության պատճառ է հանդիսացել Արևի բռնկումը 2011թ. նոյեմբերի 4-ին: Ըստ աղբյուրի, բռնկումն առաջացրել է մագնիսական փոթորիկների շարք, որոնք չեն դադարել մի քանի շաբաթ: «Այդպիսով, չի բացառվում, որ ռուսական տիեզերական սարքը ողբերգական պատահականությամբ հայտնվել է պլազմայի գոյացության մեջ»,-հղում է անում գործակալությունը աղբյուրի վրա:

Հանձնաժողովը վերջնական եզրակացությունը կհրապարակի հունվարի 31-ին:

«Ֆոբոս-Գրունտը» մեկնարկել է 2011թ. նոյեմբերի 9-ին: Նա պետք է Մարսի արբանյակ Ֆոբոսից վերցներ գրունտի նմուշներ և հատուկ կապսուլայով հետ ուղարկեր: Սակայն, նա շեղվեց ուղեծրից ու այրվեց մթնոլորտում: Չայրված բեկորները ընկան Խաղաղ օվկիանոսը: