26 հունվարի 2012 - 13:44 AMT
iPhone 5-ն ունենալու է 4 դյույմ անկյունագծով էկրան

Apple-ը պատրաստվում է iPhone 5-ի թողարկման: Ըստ 9to5mac-ի, որը հղում է կատարում բջջային տեխնիկա արտադրող թայվանական Foxconn ընկերության աղբյուրին, iPhone 5-ը շուկա կհանվի 2012-ի ամռանը: Այն ունենալու է ավելի մեծ էկրան, քան նախորդ սերունդները:

Ըստ աղբյուրի, Foxconn թողարկել է սմարթֆոնի նախնական մի քանի օրինակ, որոնք ունեն իրարից տարբեր դիզայն, սակայն բոլորի էկրանների անկյունագիծն է 4 դյույմ: Մինչ այժմ Apple-ի բոլոր iPhone-ներն ունեցել են 3.5 դյույմ անկյունագիծ: Foxconn-ի աղբյուրը նշում է, որ բերված օրինակներից և ոչ մեկը դեռ վերջնականը չէ:

Պետք է նշել, որ Apple-ը մշտապես իր բոլոր iPhone սմարթֆոնները ներկայացրել է ամռանը, բացառությամբ iPhone 4S-ի, որը լույս տեսավ 2011-ի հոկտեմբերին:

Առաջին iPhone-ը ընկերությունը ներկայացրել է 2007-ին: Այդ ժամանակից ի վեր Apple-ը վաճառել է ավելի քան 183 միլիոն սմարթֆոն: Ըստ վերլուծաբանների, 2012-ին ընկերությունը կվաճառի 140 միլիոն iPhone:

iPhone-ի հիմնական մրցակիցներն են համարվում Google-ի Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները: Պետք է նշել որ դրանց մի մասն ունի ավելի լայն անկյունագծով էկրան, քան բոլոր iPhone-ները: Դե իսկ iPhone-ի հիմնական մրցակիցն է համարվում Samsung ընկերության Galaxy S II սմարթֆոնը: