26 հունվարի 2012 - 15:22 AMT
Նարեկ Հարթունյանի հանդեպ հալածանքները չե՞ն դադարել

Այսօր առավոտվանից էլեկտրաէներգայի համար վճարում չկատարելու պատճառով հոսանքազրկված է սփյուռքահայ ներդրող, Նարեկացի արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը: Ընկերությունից հայտնում են, որ չեն կարողացել վճարել էլեկտրաէներգիայի համար, քանի որ 16.01.2012թ. Շենգավիթի հարկային տեսչության կողմից կալանք է դրվել գույքի, բանկային հաշիվների և դրամարկղի վրա` դրանով իսկ կաթվածահար անելով ընկերության բնականոն գործունեությունը:

Այս պահին ընկերության աշխատակիցները պարապուրդի են ենթարկված: Սակայն նրանք մտավախություն ունեն, որ եթե այսպես շարունակվի, և ընկերությունը չկարողանա բնականոն գործունեությունը շարունակել (կալանքների և նման այլ իրավիճակների պատճառով), հարկադրված պարապուրդը կվերածվի գործազրկության, և շուրջ 35 ընտանիքներ կզրկվեն իրենց հացը վաստակելու հնարավորությունից:

ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում 20.06.2011թ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչություն օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում և հարկման համար հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:

Նույն ժամանակահատվածում «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել դատարան՝ վիճարկելով այն ստուգման ակտը, որով ընկերությանն առաջադրվել է շուրջ 111 մլն դրամի հարկային պարտավորություն: