26 հունվարի 2012 - 16:03 AMT
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» առաջարկել են ընտրակարգի վերաբերյալ լսումներ անցկացնել ԱԺ-ում

Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ դիմել է ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին ու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշել է, որ կուսակցությունը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: Ըստ նրա, ԲՀԿ քաղխորհուրդը կամ խորհրդարանական խմբակցությունը չեն քննարկել այդ հարցը, իսկ ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությանն աջակցելու նպատակն է այդ հարցի հանրային քննարկմանն աջակցելու ցանկությունը, մասնավորապես խորհրդարանական լսումների միջոցով: Նա հավելել է, որ միայն խորհրդարանական լսումներից հետո ԲՀԿ-ն կքննարկի այդ հարցը և կմշակի սեփական դիրքորոշումը:

Սաֆարյանը հիշեցրել է, որ ԲՀԿ ծրագրում, որն ընդունվել է 2007թ., ասվում է, որ կուսակցությունը ձգտում է անցնել ամբողջապես համամասնական ընտրակարգի:

«Ժառանգությունը» և ՀՅԴ-ն 2011թ. դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Առաջարկին սատարեցին ՀԱԿ-ն ու մի շարք ընդդիմադիր այլ ուժեր: