27 հոկտեմբերի 2003 - 19:19 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՌՈՒՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ԲԱՔՈՒ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻՆ
Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական կազմակերպությունը (ՂԱԱԿ) նախօրեին հայտարարություն է տարածել իր կողմից մի շարք բողոքի գործողությունների նախապատրաստման մասին` նոյեմբերին նախանշված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կատարելիք այցի դեմ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զեռկալո» թերթը, կազմակերպության նախագահ Ակիֆ Նագին հայտարարել է, որ հիմնական բողոքը ուղղված է առաքելության կազմում ռուս համանախագահ Յուրի Մեռզլյակովի այցի դեմ: ՂԱԱԿ-ի դժգոհությունն է հարուցել այն փաստը, որ տարածաշրջան կատարած իր սեպտեմբերի 9-ի այցի ընթացքում Յու.Մեռզլյակովը Լեռնային Ղարաբաղ է մեկնել ոչ թե Բաքվից, այլ Երեւանից, ինչը «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների խախտում է» հանդիսանում: Արտահայտելով իրենց բողոքը` ՂԱԱԿ-ի անդամները կոչ են անում ոչ միայն Մինսկի խմբին, այլ նաեւ բոլոր միջազգային կազմակերպություններին հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը: «Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն գործ ունենալ մեր կազմակերպության հետ»,-հայտարարել է Ակիֆ Նագին: