26 հունվարի 2012 - 17:41 AMT
Հրայր Կարապետյանը դրական է գնահատել բանակի ու եկեղեցու համագործակցութնունը

ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը դրական է գնահատել բանակի ու եկեղեցու համագործակցությունը: «Եկեղեցու սպասավորների աշխատանքը միանշանակ դրական եմ գնահատում, քանի որ դա առաջին հերթին բխում է մեր ազգային շահերից ու արժեքներից»,-լրագրողներին է հայտարարել նա Երևանում: Ըստ նրա, այն զինվորները, որոնք քաղաքացիական կյանքում չեն շփվել ՀԱԵ ներկայացուցիչների հետ, իսկ ոմանք կարող էին նույնիսկ հայտնված լինել ապազգային աղանդների ազդեցության տակ, ճշմարիտ հավատին դառնալու հնարավորություն են ստանում: Դա շատ կարևոր է»,-ասել է պատգամավորը:

Կարապետյանը չի համաձայնվել ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթին եկեղեցականների մասնակցության վերաբերյալ քննադատությանը: «Մի՞թե մեր պատմության մեջ չեն եղել դեպքեր, երբ եկեղեցու սպասավորը սուրը ձեռքին առաջնորդել է ժողովրդին ազգային-ազատագրական պայքարում»,-ասել է նա՝ հավելելով, որ այժմ էլ հազվադեպ չեն դեպքերը, երբ եկեղեցու սպասավորը հայտնվում է առաջնային գծում:

Կարապետյանը նաև մեկնաբանել է Հայաստանի հասցեին եվրոպական կառույցների հնչեցրած քննադատությունը, մասնավորապես այլընտրանքային ծառայության ու բանակում «Եհովայի վկաների» ծառայության հետ կապված հարցերում՝ հայտարարելով, որ բանակում ստեղծված են բոլոր պայմաններն այլընտրանքային ծառայության համար և չի կարելի շահարկել այդ հարցը: «Մենք չենք կարող ընդունել մի օրենք, որը կհակասի մեր ազգային ու պետական շահերին: Սա միանշանակ է: Բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանում, ունեն նույն իրավունքները, հետևաբար, պետք է նաև որոշակի պարտավորություններ ունենան այդ երկրի հանդեպ»,-ասել է նա: