27 հունվարի 2012 - 09:55 AMT
Այս օրը ծնվել է Շահ Աբասը, իսկ ԱՄՆ-ում վաճառքի են հանվել առաջին մագնիտոֆոնները

Այսօր հունվարի 27-ն է, տարվա 27-րդ օրը: Նոր տարուն մնացել է 339 օր: Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է: 98 թ-ին Տրայանոսը դարձավ Հռոմի կայսր: Մոտենալով մեր օրերին, նշենք, որ 1945 թ-ի հունվարի 27-ին լեհական Օսվենցիմից ազատվեցին Նացիստական Գերմանիայի կողմից պահվող գերիները, իսկ 3 տարի անց սկսվեց մագնիտոֆոնների վաճառքը: Առաջին մագնիտոֆոնները վաճառվում էին 149 դոլարով: 2009 թ-ին Կալինինգրադի պատրիարք Կիրիլը դարձավ Համայն Ռուսիո պատրիարք:

Հայոց պատմության մեջ այս օրը, հիշեցնենք, որ 1990 թ-ի Ղարաբաղի կազմկոմիտեն գլխավորեց Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանական ՍՍՀ կոմկուսի ղեկավար Վիկտոր Պոլյանիչենկոն: Նա Աֆղանստանի պատերազմի վետերան էր, ով հռչակվեց նաև տեղացիների տարհանումով:

1571 թ-ին ծնվել է Իրանի շահ Աբաս առաջինը, 1756 թ-ին` ավստրիացի մեծ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, 1775 թ-ին գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Շելլինգը: Այսօր ծնվել են նաև ռուս գրող Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը, անգլիացի գրող Լյուիս Քերոլը, Iron Maiden խմբի կիթառահար Յանիկ Հերսը, ռուս հայտնի թենիսիստ Մարատ Սաֆինը:

Հունվարի 27-ին մահացել են հռոմեացի կայսր Ներվան, դաշնամուրի ստեղծող Բարտոլոմեո Կրիստոֆորին, իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին, ֆրանսիացի հանրահայտ դերասան Լուի դը Ֆյունեսը և ամերիկացի գրող Ջերոմ Սելինջերը: