24 հոկտեմբերի 2003 - 23:48 AMT
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել քաղաքական ճանապարհով եւ փոխզիջումների առկայության դեպքում: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւին ուղղված պատասխան նամակում: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարը նամակ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման» վերաբերյալ: Ինչպես նշում է «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ, իր ուղերձում Ք.Անանը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ շարունակել ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցությունը: