27 հունվարի 2012 - 10:30 AMT
«Արաբական գարունը շարունակվում է». Եգիպտոսում միանգամից մի քանի բողոքի ակցիաներ են ընթանում

Հարյուրավոր մարդիկ ուրբաթ օրվա գիշերը պիկետ են կազմակերպել եգիպտական պետական հեռուստատեսության` Նեղոսի ափին գտնվող շենքի դիմաց, հաղորդում է «Նայլ Նյուզ» հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, պիկետի մասնակիցները պահանջում են իշխանությունը Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհրդից փոխանցել քաղաքացիական իշխանություններին, ինչպես նաև փոխել պետական ԶԼՄ-ների ղեկավարությունը:

Հերթական ուրբաթօրյա ցույցի նախաշեմին Թահրիր հրապարակում հավաքվում են նաև զանազան կուսակցությունների և շարժումների ակտիվիստները: Երիտասարդական շարժումները պայմանավորվել են մոտ տաս երթերի անցկացման մասին, որոնցից յուրաքանչյուրը կավարտվի Կահիրեի կենտրոնական հրապարակում:

«Ցասման ուրբաթ» անվանումը ստացած ակցիան ուղղված է «հեղափոխականների չկատարված պահանջների իրականացմանը»: Պահանջների թվում է բանակի և ոստիկանության հետ բախումների արդյունքում զոհվածների ընտանիքներին հատուցումների վճարումը, արդար դատը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա շրջապատի հանդեպ, ինչպես նաև իշխանության փոխանցումն ընտրված խորհրդարանին:

Եգիպտոսի հարավում` Նագ-Համմադի քաղաքում, ղպտիների (եգիպտական քրիստոնյաների) ցույց է տեղի ունեցել: Մոտ 1,5 հազար մարդ բողոքում էին երկու քրիստոնյա առևտրականների սպանության դեմ, որոնց անհայտ անձինք գնդակահարել էին նրանց իսկ խանութների մոտ: