27 հունվարի 2012 - 14:20 AMT
Փետրվարի 1-ին Ազգային պատկերասրահում ներկայացվելու են իրանական արվեստի նմուշներ

Փետրվարի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է «Հանուն Աստծո» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրվելու է Իրանի Իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձին, և կազմակերպել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը:

Ցուցահանդեսում ներկայացվելու են ավանդական իրանական տեխնոլոգիաներով և ավանդույթներով արված ժամանակակից կիրառական արվեստի նմուշներ, մետաղյա ծաղկամաններ, սկուտեղներ, փայտե ժամացույցներ և այլն:

Ցուցադրության մեջ հատուկ տեղ են գրավելու ժամանակակից իրանցի գեղանկարիչ Ալի Մոհամմադ Շեյխիի ստեղծագործությունները:

Ալի Մոհամմադ Շեյխին ծնվել է 1954 թվականին, Թեհրանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ է: 1988-1992 թվականներին եղել է Այաթոլլա Թալեղանի մշակույթի պալատի տնօրենը, իսկ ներկայումս համալսարանում դասավանդում է գրաՖիկա և դիզայն: ԻԻՀ արվեստի և գեղանկարչության բնագավառում կազմակերպվող մրցույթ-փառատոնների ժյուրիի մշտական անդամ է և արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի: Նրա ստեղծագործություններում գերակայում են իրանական մանրանկարչության ավանդույթները, արևելյան միստիցիզմն ու հոգևոր թեմաները: Նա չի ձգտում կոնկրետության և ստեղծում է իր Ֆանտաստիկ աշխարհը, որտեղ նյութական առարկաները ստանում են հավերժական և տիեզերական իմաստ: Նրա հոգևոր աշխարհը մարդկանց ներկայանում է գույների և դրանց համարդության, կոմպոզիցիայի ռիթմի և գծերի միջոցով: