27 հունվարի 2012 - 14:25 AMT
Թաթուլ Մանասերյան. Համաշխարհային ճգնաժամից Հայաստանը 2012թ կարող է շահեկան դիրքով դուրս գալ

«Շարունակվող համաշխարհային պարտքային ճգնաժամից Հայաստանը կարող է շահեկան դիրքում դուրս գալ»,-հունվարի 27 Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա, դրա համար համապատասխան քայլեր են արվում, սկայան դրանք առայժմ չեն բավարարում:

Տնտեսագետը համոզված է, որ Հայաստանի զարգացող տնտեսությունը, որը դեռ լիովին ինտեգրված չէ, նման իրավիճակում կարող է վերադիրքավորվել: Դրա համար կան ռեսուրսներ և հնարավորություններ, կարծում եմ ճիշտ տնտեսական քաղաքականության շնորհիվ, կարելի է հաջողությունների հասնել»,-ընդգծել է նա:

Խոսելով 2012թ արվելիք աշխատանքների մասին, Մանասերյանը առանձնացրել է այն քայլերի իրականացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են արտաքին շուկաներում Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Ըստ նրա, անհրաժեշտ է զարգացնել տեղի արտադրանքի մրցունակությունը արտահանման համար, ընդ որում, պետությունը պետք է նպաստի տեղական արտադրանքի առաջխաղացմանը:

Նա դրական է գնահատել կառավարության` փոքր և միջին բիզնեսին աջակցելու քայլերը, սակայն այդ ոլորտը այժմ բարդ վիճակում է: Փոքր և միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ է նպատակային քաղաքականություն: Տնտեսագետի խոսքով կարևոր է նաև մրցակցային դաշտի առողջացումը, մենաշնորհների դեմ պայքարը: