27 հունվարի 2012 - 16:01 AMT
Ռիո դե Ժանեյրոյում շենքերի փլուզման արդյունքում առնվազն 22 մարդ է զոհվել

Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում շենքերի փլուզման արդյունքում առնվազն 22 մարդ է զոհվել: Փրկարարներն արդեն չորս մարդկանց մարմին են հայտնաբերել: Հինգշաբթի օրն այդպիսի տեղեկատվություն է հրապարակել Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը: Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել 5 զոհերի և 19 անհետ կորածների մասին: Քաղաքապետարանը եռօրյա սուգ է հայտարարել:

Փլատակերից հաջողվել է փրկել վեց մարդ: Փրկարարները պնդում են, որ նոր կենդանի մարդկանց գտնելու շանսերը րոպե առ րոպե նվազում են:

Քաղաքապետ Պաեսը հայտարարել է, որ այս փլուզումների պատճառ են դարձել շենքի կառուցվածքի ամբողջականության խախտումները, որոնք առաջացել են շենքի երկու հարկերում իրականացվող աշխատանքների պատճառով: Քաղաքային իշխանությունները դրանց իրականացման համար թույլտվություն չէին տվել:

Երկու բազմահարկ շենքերը բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի պատմական կենտրոնում փլուզվել են նախօրեին: Որոշ տվյալների համաձայն, 20 հարկանի տունը փլուզվել է ամբողջությամբ, իսկ կողքին գտնվող 10 հարկանին մասամբ է փլուզվել: