27 հունվարի 2012 - 16:06 AMT
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաջին խումբն այսօր կժամանի Իրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների խումբը Իրան կժամանի հունվարի 27-ին, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: Համապատասխան հայտարարություն է կատարել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն:

Նա նշել է, որ «ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաքելության հաջողությունը կախված կլինի այն բանից, թե որքան սերտ կհամագործակցի նրանց հետ Իրանը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները Իրանի միջուկային օբյեկտներում կաշխատեն 2012թ. հունվարի 29-31:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության գծով հանձնաժողովի ղեկավար Ալադին Բորուջերդին հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է փուլային բանակցությունների «վեցնյակի» հետ, եթե դա բխի Իրանի ու նրա խաղաղ միջուկային ծրագրի շահերից: Ըստ նրա, Իրանի իշխանություններն արդեն լուրջ բանակցություններ են վարել այդ հարցի շուրջ իրենց ռուս գործընկերների հետ: Նա հավելել է, որ Իրանը կհետևի բանակցությունների փուլային ծրագրին, միայն եթե Ռուսաստանը հանդես գա որպես նախաձեռնող: