Ալեքսան Կարապետյանը նշանակվել է քաղաքաշինության նախարարի տեղակալ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Ալեքսան Կարապետյանը ծնվել է 1950 թ. Երևանում:

Սովորել է Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցում: Ավարտել է Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումի ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի բաժինը, ապա ուսումնառությունը շարունակել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում: 1985-1989 թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցում, ստացել քաղաքագետի որակավորում:

1974-1976 թթ. աշխատել է Պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ: 1976-1980 թթ. ընտրվել և աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 14 հազարանոց ԼԿԵՄ կոմիտեի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար, 1980-1985 թթ.` հանրապետության շինարարական ամենախոշոր (10 հազարանոց) կազմակերպության՝ «Երևանշին» արտադրական - շինմոնտաժային միավորման, կուսկոմիտեի երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար։ 1985-1990 թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի շինարարության և քաղաքային տնտեսության, ապա սոցիալ-տնտեսական բաժինների հրահանգիչ։ 1988 թ. դեկտեմբեր – 1989 մարտ ամիսներին մասնակցել է Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժած բնակչության փրկարարական աշխատանքներին:

1991-1992 թթ. աշխատել է «Պրոմեթևս-Անդրնավթգազշին» ակցիոներական ընկերությունում որպես վարչության պետ։ 1992-1995 թթ. աշխատել է «Քաղշին» շինմոնտաժային միավորումում որպես պետի տեղակալ և կոմերցիոն կենտրոնի տնօրեն, 1995-1996 թթ. եղել է «ԱԿ և Կ» ՍՊԸ-ի նախագահ, 1996-1997 թթ.` հայ-բուլղարական «Արմբոլինվեստ» համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն։

«Ազգային Միաբանություն» կուսակցության հիմնադիրներից է, Ազգային ժողովի II և III գումարման պատգամավոր: 2003 թվականից եղել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում և Աշխարհի Միջխորհրդարանական միությունում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ: Եղել է Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, Բիզնեսի և պառլամենտի միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի կոորդինացնող խորհրդի անդամ, Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային գլոբալ կազմակերպության (GOPAC) հայաստանյան ազգային կառույցի անդամ։

 Ուշագրավ
Նշվում է, որ տվյալ վարորդը կազատվի իր սեփական դիմումի համաձայն
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
---