27 հունվարի 2012 - 17:58 AMT
2011թ. ապօրինի հատումների վերաբերյալ կազմվել է 263 ակտ` 3126 ծառի համար

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Խորհուրդը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ների 2011թ. հաշվետվությունները, ինչպես նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տեղեկանքը` 2011թ. ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների մասին: Տեղեկացվեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում, բնության հատուկ պահպանվող, ինչպես նաեւ անտառային համակարգից դուրս ընդհանուր օգտագործման տարածքներում իրականացված ստուգումների արդյունքում 2011թ. ապօրինի հատումների վերաբերյալ կազմվել է 263 ակտ` 3126 ծառի համար:

Անդրադարձ եղավ նաեւ վառելափայտի եւ շինափայտի իրացման սակագներին: ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարություններին հանձնարարվեց քննարկել սակագնային ընդհանուր մոտեցում ձեւավորելու հնարավորությունը:

Բարձրացվեց նաեւ անտառային տարածքների վարձակալությունից գոյացող գումարները «Հայանտառ» ՊՈԱԿ-ին թողնելու հարցը` հաշվի առնելով պետբյուջեից ՊՈԱԿ-ին հատկացվող միջոցների սղությունը: Խորհուրդը որոշեց հարցը քննարկելու առաջարկով դիմել ՀՀ կառավարությանը: Կառաջարկվի նաեւ խորհրդի կազմում ընդգրկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի` անտառային հրդեհների դեպքերի (2011թ. արձանագրվել է 51 դեպք) հետ կապված խնդիրների քննարկման համար:

Խորհրդի անդամ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ խախտումներ են նկատել Թեղուտում եւ Քաջարանում հանքավայրերը շահագործող ընկերությունների կողմից: Փոխվարչապետը հանձնարարեց շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին նշված փաստերն ուսումնասիրել տեղում:

Նիստում ներկայացվեցին նաեւ հանրապետության անտառածածկի որոշման մոնիտորինգի արդյունքները: Մոնիտորինգն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում`հեռահար զոնդավորման արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Մոնիտորինգի արդյունքում արձանագրվել է, որ անտառածածկ տարածքը կազմել է 332 հազ. հա: Բացահայտվել է, որ քարտեզներում առկա անճշտությունների հետեւանքով ավելի քան 23 հազ. հա անտառ ընդգրկված չէ հանրապետության անտառային ֆոնդում:

Ա. Գեւորգյանը հանձնարարեց, որ 2012թ. ընթացքում շահագրգիռ մարմինները`ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման նախարարությունները, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ինչպես նաեւ մարզպետարանները, քայլեր ձեռնարկեն փաստացի անտառածածկ տարածքը անտառային ֆոնդում ընդգրկելու եւ անհրաժեշտ ճշգրտումները կատարելու ուղղությամբ: