Բաբաջան. Եթե Ֆրանսիայի Սենատի ընդունած օրենքը չեղյալ չհայտարարվի, ապա Թուրքիան նոր պատժամիջոցներ կկիրառի

Բաբաջան. Եթե Ֆրանսիայի Սենատի ընդունած օրենքը չեղյալ չհայտարարվի, ապա Թուրքիան նոր պատժամիջոցներ կկիրառի

PanARMENIAN.Net - Թուրքիան հետևելու է դեպքերի զարգացմանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո: Ինչպես հաղորդում է AZE.az-ը, եթե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը չեղյալ չհայտարարվի, ապա Թուրքիան նոր պատժամիջոցներ կկիրառի: TRT-Haber հեռուստաալիքի համար իր հայտարարության մեջ փոխվարչապետ Ալի Բաբաջանն ասել է հետևյալը. «Մենք հետևում ենք դեպքերի զարգացմանը Ֆրանսիայում: Արդյո՞ք նրանք կպաշտպանեն իրենց որոշումը, թե՞ իրավաբանական գործընթաց կսկսվի: Սկզբում պետք է սպասել, եթե բոլոր այլընտրանքային ճանապարհները փակվեն, և դա լինի Ֆրանսիայի վերջնական որոշումը, ապա այդ ժամանակ, անկասկած, մենք ասելիք կունենանք»:

Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Թուրքիայի արձագանքը ներառելու է նաև տնտեսական պատժամիջոցներ, փոխավրչապետ Բաբաջանը հայտնել է հետևյալը. «Ներկայումս չեմ ուզում մանրամասներ հրապարակել, սակայն մենք պետք է սպասենք Ֆրանսիայի ներսում գործընթացի արդյունքին: Մենք հսկայական և ուժեղ երկիր ենք և ռացիոնալ ենք գործում: Ուստի մենք պետք է արժանապատիվ և վճռական դիրքորոշում ցուցադրենք: Թող նրանք փոքր-ինչ վիճեն միմյանց հետ»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---