28 հունվարի 2012 - 09:15 AMT
2011թ. զինվոր-մարզիկներից աշխարհի չեմպիոն են դարձել Լևոն Սարգսյանը, Մելսիկ Բաղդասարյանն ու Նարեկ Խաչատրյանը

«Անցյալ տարի մեր զինվորներից աշխարհի չեմպիոն դարձան քիք-բռնցքամարտիկներ Լևոն Սարգսյանն ու Մելսիկ Բաղդասարյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Նարեկ Խաչատրյանը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՑՍԿԱ-յի սպորտի գործերով պետի տեղակալ, փոխնդապետ Արմեն Հովհաննիսյանը:

Հայաստանի բանակի կենտրոնական մարզակումբում ծառայելու իրավունք են ստանում Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մինչև 6-րդ տեղը զբաղեցրած մարզիկներն ու Հայաստանի հավաքականների կազմում հանդես եկող ֆուտբոլիստները:

Հովհաննիսյանի խոսքով` ՑՍԿԱ-յի գլխավոր նպատակն է բարձրակ մարզիկներ պատրաստել. «Մեր զինվորները հասկանում են, ոչ ներկայացնում են ոչ միայն Հայաստանը, այլև բանակը: Ծառայությունը բանակում մարզիկներին շատ բան է տալիս, նրանք դառնում են ավելի առնական և պատրաստ հաղթահարելու ցանկացած դժվարություն»:

2012 թվականին շատ զինվոր-մարզիկներ կմասնակցեն վարկանիշային առաջնությունների: Ինչպես նշել է փոխգնդապետը, Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարում են ըմբիշներ Նարեկ Սանոյանը, Ալեքսան Միքայելյանը, Հովհաննես Վարդերեսյանը, ձյուդոյիստներ Անդրանիկ Չափարյանն ու Գոռ Հարությունյանը, բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը:

Հովհաննիսյանը շնորհավորել է Հայաստանի բոլոր զինծառայողներին Հայաստանի ԶՈՒ 20-ամյակի առթիվ. «Առանձնապես ուզում եմ շնորհավորել բոլոր սահմանապահներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները: Մեր զինվորների շնորհիվ այսօր մեր երկրում խաղաղություն է տիրում: Ես ցանկանում եմ, որպեսզի մեր անհաղթ բանակն ավելի հզոր լինի: Իսկ մեր զինվոր-մարզիկները Լոնդոնից վերադառնան մեդալներով»,- հավելել է նա: