Սերժ Սարգսյան. Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը28 հունվարի 2012 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ: Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են բերել տարբեր երկրների, բայց մեր ժողովրդի քաջարի զավակները զրկված են եղել իրենց հայրենիքի շահերը և հայրենակիցների իրավունքները միասնաբար պաշտպանելու հնարավորությունից: Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը: Այդ առանցքային ժամանակահատվածում մեր ժողովուրդը վերստեղծեց իր անկախ պետականությունը` ամբողջությամբ ստանձնելով պատասխանատվությունն իր իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության համար: Վերելքի այդ պատմական պահին կարևորագույն նվաճումներից մեկը հայոց բանակն էր: Հայ ժողովրդի և մանավանդ արցախահայության գլխին կախված ցեղասպանության վերահաս վտանգը կանխելու անհրաժեշտություն կար: Բանակաստեղծման այդ բեկումնային իրադարձությունը ժամանակի պահանջն էր։ Մեր դատն արդար էր, և մենք պատրաստ էինք դիմակայության։ Գիտեինք, որ միայն մենք կարող էինք պաշտպանել ապրելու մեր իրավունքը: Սակայն մենք նաև քաջ գիտակցում էինք, որ հենց այդ իրավունքն ու արդարությունն էին մեզ ուժ ու կորով հաղորդում: Անհանդուժողականության, չարության և կույր ատելության դեմ կռվի ելած կամավորները դարձան հայոց կանոնավոր բանակի կորիզը: Ազգային զարթոնքի պահին այդ կամավորներից շատերն իրենց կյանքը դրեցին հայրենիքի անվտանգության ու պաշտպանության զոհասեղանին: Հավե՛րժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանցից յուրաքանչյուրի պայծառ հիշատակին: Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, մեր բանակի տարեդարձը ձեր մասնագիտական տոնն է: Այդ մասնագիտությունն ընտրելով` դուք պատասխանատվություն եք ստանձնել ձեր ժամանակակիցների ու ժառանգների հանդեպ: Բայց միաժամանակ դուք ընտրել եք Վարդան Մամիկոնյանի և Հովհաննես Բաղրամյանի ուղին, ուստի և ձեր արած գործը գնահատվելու է նրանց սահմանած չափանիշներով: Չեմ կասկածում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվորական, անկախ իր ծառայության վայրից և դիրքից, պիտի գիտակցի այդ պատմական պատասխանատվությունը: Հիշենք, որ մենք սկսել ենք զենքերը և նույնիսկ փամփուշտները հատ-հատ հաշվելուց և այսօր ունենք սպառազինության լրջագույն մակարդակ։ Մենք մետր առ մետր խրամատ ենք փորել, հարյուրավոր կիլոմետրերով ռազմական ամրություններ, զինվորականների համար հազարավոր բնակարաններ և պաշտպանության նախարարությանը հարիր շենք կառուցել։ Ռազմարդյունաբերական համալիր ենք ստեղծել և բանակի արժանի ընկալում ձևավորել։ Այս ամենը միասին ենք արել, ողջ ժողովրդով։ Եվ շարունակում ենք անել աշխատանքով, բանակի նկատմամբ ունեցած հավատով և առանձնահատուկ ջերմությամբ։ Անհնարին է երկու բառով թվարկել այն, ինչ արվել է քսան տարվա ընթացքում։ Հայոց պետականության վերականգնման 20-ամյակին նվիրված զորահանդեսը և 1994 թվականից պահպանվող զինադադարը մեր բանակի ամենաճշգրիտ զեկույցն ու ստուգատեսն են Հայաստանի ժողովրդի և ողջ հայության առջև։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր տարածաշրջանում հավասարակշռության, ուստի և խաղաղության ու կայունության պահպանման ամենակարևոր երաշխավորներից են: Այսօր մեր զինվորը պաշտպանում է Հայաստանի խաղաղությունն ու անդորրը, բայց նա ներգրավված է նաև միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն դրսևորում է լավագույն կողմերով և բազմապատկում իր` կարգապահ ու քաջարի զինվորականի համբավը։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, իսկ մեր ժողովուրդը շարունակի իր ստեղծագործ աշխատանքը` հանուն Հայաստանի հզորության և վերելքի: Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |