28 հունվարի 2012 - 11:13 AMT
Նավթի գինը կտրուկ կնվազի, սակայն ՀՀ տնտեսության վրա դա էապես չի ազդի

Համաշխարհային շուկայում նկատվում է նավթի գնի տատանում, ավելին, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնում տեսնում են դրանց անկման միտումները: «ԱՄՆ-ում նավթի գինը առաջիկա 5 տարում կարող է կտրուկ նվազիել»,-Երևանում ասել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Այնուամենայնիվ, ըստ նրա, նման միտումները ՀՀ տնտեսության վրա էապես չեն ազդի: «Որոշակի ազդեցություն կլինի, սակայն հստակ ասել հնարավոր չէ»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է դրամական փոխանցումների ծավալների նվազմանը նավթի գնի անկման հաշվին, ապա ըստ նրա, «նավթի գինը գործոններից միայն մեկն է, որը կարող է ազդել տրանսֆերտների վրա»:

Թաթուլ Մանասերյանը հավելել է, որ դրամական փոխանցումների ծավալները, հիմնականում, պայմանավորված են տնտեսության ակտիվացմամբ, իսկ հիմնական ներհոսքը Ռուսաստանից է: «Ռուսաստանի տնտեսությունը որոշակի վերելք է ապրում, չնայած 2012թ. ակտիվությունը մեծ չի լինի ընտրությունների պատճառով: Ակտիվացում է հարկավոր ակնկալել հետընտրական շրջանում, երկրորդ կիսամյակում: Ուստի էական փոփոխություններ դրամական փոխանցումների առումով չեն լինի»,-պարզաբանել է նա: 2011թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել է 1 380,6 մլն դոլար: Այս ցուցանիշը գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 23,1 տոկոսով: Ընդ որում, մասնավոր փոխանցումների ներհոսքը 2011թ. նոյեմբերին կազմել է 142,5 մլն դոլար՝ կրճատվելով նախորդ ամսվա համեմատ 2,2 տոկոսով: Հունվար-նոյեմբեր ամիսներին զուտ մուտքերը ավելացել են 21 տոկոսով և կազմել են 1 142,1 մլն դոլար՝ 2010թ. նույն ժամանակաշրջանի 943, 8 մլն դիմաց: