22 հոկտեմբերի 2003 - 22:56 AMT
«ԵԷՍ ՌՈՍՍԻԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՕԳՏԻՆ
ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի»-ի ղեկավար Անատոլի Չուբայսը հանդես է գալիս Հարավային Կովկասի միասնական էներգահամակարգի ստեղծման օգտին: Նա այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Երեւանում Հայաստանի վարչապետի հետ բանակցելուց հետո: Չուբայսը ընդգծել է, որ Հայաստանի էներգահամակարգը այժմ միակն է, որ մեկուսացված է ԱՊՀ մյուս երկրներից: «Դա նվազեցնում է Հայաստանի էներգամատակարարման հուսալիությունը, ինչպես նաեւ` այլ երկրներ արտահանելու եւ ներմուծելու հնարավորությունը»,-ավելացրել է նա: «ԵԷՍ Ռոսսիի»-ի ղեկավարի խոսքերով, տարածաշրջանի միասնական էներգահամակարգի ձեւավորմանը խոչընդոտում են ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական խնդիրները: «Ինձ թվում է, հիմքեր կան փորձելու կողքի դնել դրանք եւ լուծել ռեալ գործնական հարցեր»,-ասել է նա: Ընդ որում Չուբայսը նշել է, որ տվյալ տեսակետը համահունչ է Հայաստանի ղեկավարության դիքորոշմանը: «Ելնելով Երեւանի այդ դիրքորոշումից եւ միաժամանակ արդեն լինելով Հայաստանի առանցքային էներգետիկ օբյեկտների սեփականատերը, մենք կարող ենք խոսակցություն սկսել մեր ադրբեջանցի գործընկերների հետ»,-ասել է Չուբայսը: «Մեր մոտ նոր փաստարկներ են առաջանում այդ խնդիրը լուծելու համար»,-ավելացրել է նա: «Առաջին փուլում խնդիր կա վերականգնել Հայաստանի եւ Ադրբեջանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը, ինչը արտահանման-ներմուծման նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում միեւնույն է շահավետ է երկու երկների էներգահամակարգերի համար»,- ընդգծել է Չուբայսը: «Երկրորդ փուլում կարող են հայտնվել երրորդ երկրներ համատեղ դուրս գալու նախագծեր»,-ասել է նա: Չուբայսի խոսքերով, «նման երկիր կարող է լինել Թուրքիան, որտեղ բավականին լուրջ մտահղացումներ կան»: Ընդ որում նա ավելացրել է, որ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի»-ն ներկայումս պատրաստվում է մասնակցել Թուրքիայի էներգաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը: