Էջմիածնում Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առթիվ Սուրբ Պատարագ է մատուցվել

Էջմիածնում Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առթիվ Սուրբ Պատարագ է մատուցվել

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առթիվ: Սուրբ Պատարագի արարողությունից հետո եկեղեցականների թափորը Վեհափառ Հայրապետին և ՀՀ Պաշտպանության նախարարին առաջնորդել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանի հանդիսությունների դահլիճ, ուր տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն:

Ընդունելությանը Հայոց բանակի բարձրաստիճան սպայական կազմին իր հայրապետական օրհնությունն ու շնորհավորանքն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: “Հայցում ենք, որ Տերն օգնական լինի ձեզ, զորացնի ծառայության մեջ, որպեսզի միշտ բարձր պահեք Հայոց բանակի անունը և առաջնորդեք նորանոր հաղթանակների: Թող այսօր Հայոց բանակի պահապան հռչակված Ս. Խաչի օրհնությունը տարածվի յուրաքանչյուր զինվորի ու հրամանատարի վրա, զորացնի, արիացնի և պահապան լինի նրանց` դարձնելով անխոցելի”, - մաղթել է Նորին Սրբությունը:

Այնուհետև, միջնորդությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայոց բանակի 20-րդ տարեդարձի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու “Ս. Ներսես Շնորհալի” պատվո բարձր շքանշան է հանձնել գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանին, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին, գնդապետ Սուրեն Հարությունյանին և ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանին:

Տոնի առիթով ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և մի քանի այլ հոգևորականներին է հանձնել “ՀՀ Զինված Ուժեր 20 Տարի” հոբելյանական մեդալը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---