21 հոկտեմբերի 2003 - 20:41 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանը շարժվում է դրական ուղղությամբ: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Յաապ դե Հուփ Շեֆֆերը: Ընդսմին նա նկատել է, որ Հարավային Կովկասում ժողովրդավարական զարգացման ընթացքը որոշակի «հիասթափություն է առաջացնում»: Սակայն գնահատականներ տալիս մենք պետք է զգույշ լինենք, ասել է դե Հուփ Շեֆֆերը: «Նախ եւ առաջ, ես արդարացի չեմ համարում այլ երկրների հետ համեմատություններ անելը, անկախ նրանից, դրանք գտնվու՞մ են այս, կամ որեւէ այլ տարածաշրջանում: Ես հետեւյալ կարծիքի եմ` Հայաստանը յուրահատուկ անցումային շրջան է ապրում: Ամենակարեւորը, եւ ես խոսել եմ այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում կատարած իմ բոլոր այցերի ընթացքում, միտումներին հետեւելն` ի՞նչ ուղղությամբ է զարգանում իրավիճակը: Այս տեսակետից ինձ թվում է, որ Հայաստանը շարժվում է դրական ուղղությամբ: Դուք չունեք քաղաքական բանտարկյալներ, իշխանությունը փոխանցվում է առանց քաղաքացիական ընդհարումների, եւ, չնայած ԶԼՄ-ների ազատության եւ օրինականության հաստատման բնագավառում իրավիճակի բարելավման անհրաժեշտությանը, Հայաստանը շարունակում է բավականին կայուն երկիր մնալ անհանգիստ տարածաշրջանային միջավայրում», - ասել է ԵԱՀԿ Գործող նախագահը: