30 հունվարի 2012 - 12:09 AMT
Մեծ Բրիտանիան ակնկալում է Հայաստանում արդար ընտրությունների անցկացում

Բրիտանական կառավարության հիմնական ուշադրությունը տվյալ պահին կենտրոնացած է Հայաստանում արդար ընտրությունների կազմակերպման վրա: Այդ մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: «Հուսով ենք` Հայաստանի ղեկավարությունը, ինչպես նախորդ անգամ, կհրավիրի արտասահմանցի դեսպաններին` որպես անկախ դիտորդներ»,-հայտարարել է նա:

Լիչը նկատել է, որ «ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիայի համար նախապայման է հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և մենք նպաստելու ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: Ընդ որում, նա հավելել է, որ դա առաջնային խնդիր է:

2011թ օգոստոսի 15-ին Մեծ Բրիտանիան նշանակել է Հայաստանում իր նոր դեսպաններին: Ջոնաթան Ջեյմս Էյվսը և Քեթրին Ջեյն Լիչը իրենց պաշտոնը ստանձնեցին 2012թ հունվարին: Մշտական նստավայր է լինելու Երևանը, իսկ դեսպանի պաշտոնը կատարելու են հերթով` 4 ամիսը մեկ: Նման փորձ կա նաև Զամբիայում:

Համաձայն որոշ կարծիքների, միաժամանակ 2 դեսպանների նշանակումը այդ երկրի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին է խոսում: