30 հունվարի 2012 - 13:33 AMT
Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները վերակառուցվել են Մաշտոցի պողոտայի հարակից այգում

Վերջին օրերին Երևանի բնակիչներն ականատես եղան, թե ինչպես Աբովյան փողոցի մայթերին կառուցված խանութներն ու կրպակները Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին: Սակայն, «Մենք ենք այս քաղաքի տերը» ու «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունները հայտնում են, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները տեղափոխվել են Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածք՝ Մաշտոց-Կողբացի հատված:

«Անմիջապես այցելեցինք տարածք և տեղում հավաստիացանք տեղեկության իսկության մեջ: Փաստորեն, հակառակ թվացյալ առաջընթացի, շարունակվում է Երևանի կանաչ գոտիների և զբոսայգիների ոչնչացումը: Աբովյանի կառույցների ապամոնտաժումը մամուլի շնորհիվ կատարվեց հասարակության աչքի առջև, օրը ցերեկով, մեծ աղմուկով, սակայն դրանք նույն այդ հասարակության աչքից հեռու՝ օր ու գիշեր աշխատելով, կայծակնային արագությամբ, ահա, վերակառուցվում են Երևանի վերջին հանրային զբոսայգիներց մեկում»,- նշվում է նախաձեռնությունների տարածած հաղորդագրության մեջ:

Նրանք Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում են անհապաղ դադարեցնել հիշյալ շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված խանութները. «Քաղաքային իշխանությունները պարտավոր են գտնել այնպիսի այլընտրանք, որը որևէ կերպ չի ոտնահարի Երևանի բնակիչների շահերը, այլ ոչ թե մի ընդհանուր օգտագործման տարածքից շինություններ ապամոնտաժել և տեղափոխել մեկ այլ ընդհանուր օգտագործման՝ այս անգամ կանաչ տարածք: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն, աչքակապություն և քաղաքացիների իրավունքների ոտնահարում»: