30 հունվարի 2012 - 14:00 AMT
Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը կարժենա 5 մլն եվրո

Բնապահպանության նախարարությունն ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այս տարի կսկսեն «Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացում» ծրագիրը։ Այսօր լրագրողնրի հետ հանդիպմանն այս մասին ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ նշելով, որ ԳԷՀ ֆինանսավորումը կկազմի 5 մլն եվրո։

«Այս ծրագրի նպատակն է Նուբարաշենում պահեստավորված բոլոր թունավոր նյութերը ոչնչացնել։ Մեր նշած 5 մլն եվրոն անհրաժեշտ կլինի դրանք վեր հանելու, փաթեթավորելու, տեղափոխելու ու ոչնչացնելու համար։ Բնականաբար, մեր կողմից էլ կլինեն ներդրումներ»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ դեռևս պարզ չէ՝ որտեղ կոչնչացվեն թունաքիմիկատները. «Կարող է տանենք այլ երկիր, բայց մենք նաև տեղում ունենք հնարավորություն այդ թունաքիմիկատները ոչնչացնելու։ Մի քանի գործարաններ ունենք, որտեղ դրված են 2000 և ավելի ջերմաստիճանի վառարաններ, որտեղ կարող ենք վերացնել դրանք՝ պահպանելով բանապահպանական նորմերը»։